Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել. «Հետք»

«Հետք»-ը գրում է.

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով վաճառվող հողամասը տարիներ առաջ ձեռք է բերվել ընդամենը 268 հազար դրամով։ «Հետքն» ուսումնասիրել է հողամասի սեփականաշնորհման պատմությունը և պարզել, որ գույքն օտարվել է կասկածելի գործարքների արդյունքում։ Տարածքի ներկայիս սեփականատերը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի ընկերությունն է։

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք բարձրանալիս, ճանապարհին՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու սկզբնամասում հողամասի վաճառքի ցուցանակ է փակցված։ Զանգահարելով հողամասի վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալություն և հանդես գալով որպես հավանական գնորդ՝ պարզեցինք արժեքը. այն վաճառվում է 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։

Գայի պողոտա 2ա հասցեի հողամասի սեփականատերը «Արխմոնստրոյ» ՍՊԸ-ն է, որի բաժնետոմսերի 82 %-ը պատկանում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանին։ Գալստյանը խոշոր շինարարական ընկերությունների հիմնադիր է։ «Շինարարի օրվան» նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ՝ 2019 թ.-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գագիկ Գալստյանին է հանձնել «Վաստակավոր շինարարի» կոչումը։

Նոր Նորքում գտնվող 1903 քմ հողամասի օտարման պատմությունը սկսվում է 2000 թ.-ից։ Նոր Նորք թաղային համայնքի ավագանին, թաղապետ Մկրտիչ Մինասյանի առաջարկությամբ օտարվող համայնքային գույքի ցանկում է ներառել Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող էլեկտրական ենթակայանի նախկին շինությունը։ Համաձայն ավագանու որոշման՝ այն զբաղեցրել է ընդամենը 32 քմ տարածք։ Ավագանու որոշումից օրեր անց Նոր Նորքի թաղապետը ստորագրել է գույքն օտարելու որոշում, որից տեղեկանում ենք, որ աճուրդային կարգով, 268 հազար 800 դրամով այն գնել է քաղաքացի Սաշա Ղուկասյանը։ Գնորդը գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տաթևիկ Ղուկասյանի հայրն է։

Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն՝ գույքի սեփականատերը հողամասը բաժանել է երկու մասի, որից հետո մի քանի գործարք է կատարվել։

Արդյոք Երևանի քաղաքապետարանը և իրավապահները նույն ջանասիրությամբ համայնքին կվերադարձնեն կասկածելի հանգամանքներում սեփականաշնորհված հողամասը, ինչպես այգին ազատեցին ինքնակամ կառույցներից, թե՞ որոշիչ կլինեն վաղեմության ժամկետներն ու ենթադրյալ բարեխիղճ գնորդի իրավունքները։ Ժամանակը կտա այս հարցի պատախանը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։