Շոլցը ժամանել է Իսրայել. նա Նաթանյահուին կոչ է արել տևական զինադադար հաստատել Գազայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Իսրայելին հոկտեմբերի 7-ից Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող մարդկանց ազատման շուրջ գործարքի գնալ, որը պետք է ուղեկցվի «ավելի երկար հրադադարով», հաղորդում է Times of Israel-ը:

«Մեզ անհրաժեշտ է պատանդների գործարք՝ ավելի երկար հրադադարով… Մենք հասկանում ենք պատանդների ընտանիքներին, որոնք ավելի քան հինգ ամիս հետո ասում են՝ «Ժամանակն է համապարփակ պատանդների գործարքի համար՝ փրկելու նրանց, որոնք դեռ գերության մեջ են»,- հայտարարել է Շոլցը Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ համատեղ ասուլիսում։

Մինչ այս հանդիպումը, Գերմանիայի կանցլերը Ամմանում բանակցություններ էր վարել Հորդանանի թագավոր Աբդալլահի հետ, որից հետո հայտարարել էր, որ մեծ թվով քաղաքացիական զոհերը, որոնք կարող են հետևել Գազայի Ռաֆահ քաղաքի վրա Իսրայելի հարձակմանը, շատ կդժվարացնեն խաղաղության հաստատումը տարածաշրջանում։