Ադրբեջանական SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի վաճառքը Թուրքիային

Ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունը ժամկետից երկու տարի շուտ մարել է ամերիկյան Citi և JP Morgan բանկերից վերցված 1,3 միլիարդ դոլարի վարկը մոտավորապես այն ժամանակ, երբ ադրբեջանական ընկերությունը գրեթե այդքան վարկ է ստացել ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերությունից: Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ բանկային ու առևտրային երեք աղբյուրները։ Citi-ն, JP Morgan-ը և SOCAR-ը հրաժարվել են մեկնաբանել ԱՄՆ բանկերի կողմից տրամադրված վարկի վաղաժամկետ մարումը: Lukoil-ը և SOCAR-ը հրաժարվել են պատասխանել նոր վարկի վերաբերյալ մեկնաբանությունների հարցումներին։ Աղբյուրները նշում են, որ որևէ ենթադրություն չկա, որ գործարքներից որևէ մեկը խախտում է ԱՄՆ-ի կամ այլ ֆինանսական պատժամիջոցները Ռուսաստանի հետ բիզնես անող ընկերությունների դեմ: Այդուհանդերձ, աղբյուրները նշում են, որ վաղաժամկետ մարումը թույլ է տվել Մոսկվային վերսկսել հումքի վաճառքը ադրբեջանական ընկերության Star նավթավերամշակման գործարանին Թուրքիայում։ Գործարքների ընթացքում SOCAR-ը վերսկսել է ռուսական նավթի գնումները Star-ից, որոնք դադարեցրել էր անցած տարի:

Աղբյուրները նշում են, որ դադարեցումը տեղի է ունեցել ԱՄՆ բանկային կոնսորցիումի խնդրանքով, որը վախենում էր պատժամիջոցների ենթարկվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: «Star-ը նախագծված էր ռուսական նավթի վերամշակման համար, ուստի՝ երբ արևմտյան բանկերը նրան ասացին դադարեցնել ռուսական նավթի վերամշակումը, դա խնդիր դարձավ», – ասել է երեք աղբյուրներից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։ Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ մարումը տեղի է ունեցել անցած տարվա վերջին՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Lukoil-ը SOCAR-ին 1,5 միլիարդ դոլար էր տրամադրել՝ որպես Star-ին մատակարարումները վերսկսելու գործարքի մաս՝ ռուսական ընկերության առևտրային ստորաբաժանման Litasco-ի միջոցով: Պատժամիջոցների փորձագետ Վիկտոր Վինքլերը Reuters-ին ասել է, որ այս ամենում անհրաժեշտ է ամերիկյան բանկերի վերահսկողությունը։ Նշենք, որ Star նավթավերամշակման գործարանը կառուցվել է 2018 թվականին և կարող է օրական 200,000 բարել վերամշակել: Արևմտյան բանկերի ճնշման ներքո այն կրճատել և այնուհետև դադարեցրել էր ռուսական նավթի գնումները 2023 թվականի կեսերին:

Ներկրումը վերսկսվել է հոկտեմբերին՝ Lukoil-ի հետ վարկային գործարք կնքելու ժամանակ: Թուրքիան դարձել է ռուսական նավթի ամենամեծ գնորդներից մեկը 2022 թվականին միջազգային պատժամիջոցների սահմանումից հետո։ Ի դեպ, փետրվարի վերջին էլ SOCAR -ի ղեկավար Ռովշան Նաջաֆը հանդիպել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ։ Կողմերը քննարկել էին գազի ոլորտում ընկերությունների փոխգործակցության ընթացիկ հարցեր։