Մեկ էլ հոպ, գնացին 2 օրում լուծարեցին իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ մենք չենք դրա մեղավորը․ Արարատ Միրզոյան

Հայաստանը բոլոր ջանքերը գործադրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայաթափում տեղի չունենա։ Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը։

«Հայաթափման պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց Լեռնային Ղարաբաղի վրա, քանի դեռ  քաղաքական էլիտան զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեցին, ու նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ:

Մենք ամեն ինչ արել ենք, որ ԼՂ բնակչությունն այնտեղ ապրեր՝ օժտված իրավունքներով: Այն պահին, երբ ՀՀ իշխանությունը առաջարկում էր աշխատել ԼՂ բնակչության իրավունքների ուղղությամբ, դուք քննադատում էիք այդ քաղաքականությունը և դա տասնապատիկ ուժեղ լսվում էր Ստեփանակերտում: Այնտեղ ընդունվում էին բանաձևեր զանազան տարածքների մասին: Մեկ էլ հոպ, գնացին 2 օրում լուծարեցին իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Եթե դուք հարցեր ու մեղադրանքներ ունեք, գնացեք,  ուրիշ մարդկանց տվեք, ես ասեցի, որ մենք չենք դրա մեղավորը, մենք ամեն ինչ արեցինք, որ այդ իրավիճակը կանխենք։ Այն պահին, երբ որ իրենք որոշեցին դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, որովհետև իրենք որոշեցին լուծարել, և սովորական մարդիկ ստիպված եղան փախչել՝ իրենց կյանքը փրկելու համար, մենք միայն կարող էինք գրկաբաց ընդունել ու հոգ տանել, որ այդ մարդկանց կարիքները բավարարվեն»,- վստահեցրեց նախարարը։