Հայաստան-Թուրքիա սահմանի մասնակի բացումը մինչ օրս իրականացված չէ

«Թեև վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուամենայնիվ, եղել են  շատ ինտենսիվ իրադարձություններ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

Նա հիշեցրեց, որ հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում առկա արգելքները, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո 2023 թվականի փետրվարի 8-ին Հայաստանն ուղարկել է փրկարարական ջոկատ, հումանիտար օգնություն. «Շատ խորհրդանշական էր, որ հումանիտար օգնությունը՝ 7 բեռնատարներով Մարգարայի կամրջով հատեցին հայ-թուրքական սահմանը և հասցրեցին այն դրա կարիքն ունեցող բնակչությանը։

Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, Անկարա, տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում։

Այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակիորեն բացել հայ-թուրքական սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին։ Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով, տեսնենք՝ ինչպես է այդ աշխատանքը հնարավոր կազմակերպել»։

Նա արձանագրեց, որ սահմանի մասնակի բացումը մինչ օրս իրականացված չէ, թեև այս մասին պայմանավորվածությունը նաև Թուրքիայի ԱԳ նոր նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն են հնարավորություն ունեցել վերահաստատել։

«Մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների հետ, այլև թուրք հասարակության հետ: Տեսնում ենք, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը: Եվ կարևոր են մեր դիրքորոշումները, ընկալումները՝ այդ թվում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ ներկայացնել թուրք գործընկերներին, հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,-ասաց Միրզոյանը։