Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, նրանց զինանշանում մեր հողերն են պատկերված․ Թուրքիայի նախկին վարչապետ

«Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում»,- այսօր Բաքվում՝ «Վերականգնել ճեղքված աշխարհը» նշանաբանով անցկացված 11-րդ գլոբալ համաժողովում նման պահանջ է հնչեցրել Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

«Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը (Արարատ լեռը)։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Թուրքիայի նախկին վարչապետը հերթական անգամ հնչեցրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու պահանջը։

«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը»,- հայտարարել է Յըլդըրըմը։