103 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը կրակոցով գետնին տապալեց հայոց ցեղասպանության ճարտարապետ թալեաթին

1921թ-ի մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբուրգում թաղամասում հնչած կրակոցը գետնին տապալեց ռազմական հանցագործունեությունների համար թուրքական ռազմական տրիբունալի կողմից հեռակա մահվան դատապարտված հայոց ցեղասպանության ճարտարապետ թալեաթին:

Կատարողը հայ տարագիր Սողոմոն Թեհլերյանն էր, ով նշանավորեց ՀՅԴ 1919թ-ի երևանյան ժողովում հավանության արժանացած «Նեմեսիս» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Թեհլերյանի պնդումն, առ այն, որ ինքը մարդ է սպանել, բայց մարդասպան չէ, հետագայում կդառնա յուրահատուկ մանիֆեստ արդարության ծարավ ունեցող ժողովուրդների համար, մասնավորապես դրանով կառաջնորդվեն Իսրայելի հատուկ գործակալները լատինական Ամերիկայում նացիոնալ֊սոցիալիստ ոճրագործների պատժման գործողություններում։ Իսկ Սողոմոնի բեռլինյան դատավարությունը կդառնա յուրահատուկ նախադեպ նյուրնբերգյան դատավարության համար։

«Նեմեսիս» գործողությունն ունի այլ յուրահատուկ խորհուրդներ ևս…մինչև թուրք և թաթար 9 պարագլուխների ոչնչացումը ծրագիրը զբաղվեց մոտ 322 հայ դավաճաններով, որոնք մատնել էին օրինակ՝ Ռուբեն Սևակին ու Դանիել Վարուժանին…միայն դրանից հետո ծրագիրն իրեն բարոյական իրավունք վերապահեց վրեժի արդար ցասումն ուղղել մարդկության մեծագույն հանցագործների դեմ։

Հետագայում ծրագրի կնքահայր Շահան Նաթալին գործողությունը կանվանի որպես «Սրբազան Խելագարություն» վերջինս դիտարկելով որպես բնական ռեակցիա թուրքական ցեղասպան քաղաքականության նկատմամբ։ Բացի արդարադատության և վրեժի ու հատուցման խորհրդից՝ Նեմեսիսը նաև քաղաքական բովանդակությամբ ապտակ էր՝ ուղղված դեպի սեփական ժողովրդին բնաջնջած թուրքական կառավարությունը հակվածություն տածող հայ քաղաքական գործիչներին։

Խնդիր դնելով ոչնչացնել հայկական պետականությունը և ավարտին հասցնել հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը՝ թուրքական ներկա կառավարությունը լավ կանի գիտակցի, որ ոչ միայն անխուսափելիորեն տապալվելու է այլ նաև լամպից բաց է թողնելու վերադարձի հնարավորությունից զրկված ահավոր մի ջին՝ նորօրյա սրբազան խելագարությունների տեսքով…

Նկարում պատկերված է աշխարհասփյուռ հայության համար սրբավայրի վերածված Սողոմոն Թեհլերյանի գերեզմանն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում։

Սողոմոն Թեհլերյանի գերեզման

Լևոն Նազարյան