Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նա մինչ Երևան ժամանելը մարտի 16-ին կայցելի Ադրբեջան։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Իրակլի Կոբախիձեն ասել է, թե հարևանների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։

«Պատահական չէ, որ Բրյուսել կատարած այցերից հետո հանդիպումներ կանցկացվեն հարևան երկրներում։ Կքննարկվեն երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցեր»,– ասել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն կարևորել է տարածաշրջանում խաղաղության ապահովումը և հավելել, որ Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել այդ հարցում։

Նա վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին Վրաստանի վարչապետը հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ: