«Անցած տարի ՄԹ հետ հաստատվեց ռազմավարական երկխոսության նոր ֆորմատ». ԱԳ փոխնախարար

«Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ երբեք այդպիսի ինտենսիվ մակարդակի չի եղել։ Բնական է, որ հնարավոր բոլոր տարբերակները քննարկվում են։ Իհարկե, այդ գործընթացը մենք տանում ենե ԵՄ-ի հետ համատեղ։ Եվ, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանի շահերից բխող որոշումներն անհրաժեշտության դեպքում կընդունվեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից եկող սպառնալիքների դեպքում, Հովհաննիսյանն ասաց, որ երևի ավելի լավ է այդ հարցն ուղղել ՄԹ պաշտոնյաներին. «Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, տեղյակ եք՝ անցած տարի հաստատվեց համագործակցության նոր ֆորմատ՝ ռազմավարական երկխոսության ֆորմատ ՄԹ հետ, ունեցանք մի շարք կարևոր այցեր, այդ երկրի հետ մեր հարաբերություններն ունեն նոր դինամիկա, այլ մեկնաբանություններ ես չեմ կարող տալ»։