Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ԵՄ-ին անդամակցության գաղափարը․ Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։

Հարց. ԵՄ-ն ընդլայնվում է, երբևէ մտածե՞լ եք ԵՄ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դա հնարավոր է մոտ կամ հեռավոր ապագայում։ Կամ գուցե ՆԱՏՕ-ին անդամակցությու՞նն է Հայաստանին հետաքրքրում՝ որպես դեպի Արևմուտք ձգտող արտաքին քաղաքականության մաս։

Պատասխան. Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ, և ինչպես ասացի, մենք անցնում ենք գործընթացի միջով և կտեսնենք, թե ինչպիսին կլինի գործընթացի ավարտը, որն այս պահին ոչ ոք չի կարող վստահ լինել կամ կանխատեսել։

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք արևմտյան երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների ներկա փուլը, և ինչպե՞ս են նրանք ձեզ սատարում ձեր ճանապարհին։

Պատասխան. Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ։ ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ։ Նույնը կարող եմ ասել նաև Եվրոպական միության մասով. ԵՄ հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, բայցև նայում ենք այս համաձայնագրից անդին։ Քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը, մի քանի նոր մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել մեր հարաբերություններում։ Կցանկանայի նաև հավելել, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունը ներգրավվել է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերում. գիտեք, որ ՀՀ-ում տեղակայվել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը; Կարևոր է նաև նշել, որ առաքելության տեղակայումից ի վեր սահմանին լարվածությունը նվազել է, և մենք տեսնում ենք, որ առաքելությունը նպաստել է կայունությանը։ Այսպիսով, նոր ուղղություններ, նոր ոլորտներ ենք ընդգրկում մեր գործընկերության մեջ, և մենք դեռ գործընթացի կես ճանապարհին ենք։