Հակառակ Ադրբեջանի պնդումներին՝ Արցախի հարցը փակված չէ․ պատգամավորը՝ Կիպրոսի ԱԳ նախարարին

Այսօր ՀՀ ԱԺ և Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակում հայ խորհրդարանականները հանդիպել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին և նրա գլխավորած պատվիրակությանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մանրամասներ է հայտնել հանդիպումից․

«Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ հանդիպմանը կարևորել եմ հայ-կիպրական քաղաքական երկխոսության ավանդական բարձր մակարդակը, երախտագիտության խոսք եմ փոխանցել Կիպրոսի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի դատապարտման ուղղությամբ Կիպրոսի կեցվածքը, անդրադարձել եմ նաև տարածաշրջանային ծանր քաղաքական և անվտանգային իրավիճակում երկկողմ հարաբերությունների խորացման և համագործակցության առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման հեռանկարներին։

Շեշտել եմ, որ հակառակ Ադրբեջանի պնդումներին Արցախի հարցը փակված չէ և միջազգային երաշխիքների ուղղությամբ համատեղ աշխատանքի մեծ դաշտ կա»,- նշել է պատգամավորը։