ՀՀ-ում առկա են մի շարք լուրջ համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը

Այն, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, վաղուց հայտնի է բոլորիս և այն ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ։ Անհրաժեշտություն կա խթանել կրթության և գիտության զարգացմանը, սահմանել պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը` ապահովելով բոլորի համար մատչելի համընդհանուր հիմնական կրթության համար անհրաժեշտ նախադրյալները, որոնք այսօր գտնվում են լուրջ ճգնաժամային իրավիճակի մեջ` ոչ պատշաճ ուշադրության արժանանալու և սխալ ռազմավարության հետևանքով:

Այսօր ՀՀ-ում առկա են մի շարք լուրջ համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը և առհասարակ իրացմանը։

Առաջին կարևորագույն խնդիրը, որը համակարգային առումով շարունակվում է չլուծված մնալ, դա նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության խնդիրն է։

Երկրորդ կարևորագույն խնդիրը համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վճարովի լինելու հարցն է: Հաճախ վարձավճարների տրամադրման անհնարինության պատճառով մի շարք դեպքերում ծնողների կողմից հնարավոր չի լինում երեխայի կրթությունը կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ինչի արդյունքում արդյունքում առաջանում են լրջագույն և առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրներ։

Երրորդ կարևոր խնդիրն է կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը։ Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են, ինչպես օրինակ՝ ոչ բավարար սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը և այլն( իհարկե խոսքը ոչ բավարար առաջադիմության պատճառով կրթական հաստատությունից դուրս մնալուն չի վերաբերում)։

Հաջորդիվ հատուկ պետք է նշել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հարցում առկա խնդիրները։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրականացումը, վերջինիս մատչելիությունը երաշխավորված է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով:

Պետությունը պետք է մեծ պատասխանատվությամբ ստանձնի ներառական և որակյալ կրթությանն առնչվող մի շարք պարտավորություններ, և պետք է հետևողական աշխատանքների միջոցով հասնի նշված խնդիրների իսպառ ու հիմնահատակ վերացմանը, հակառակ դեպքում մեծապես տուժելու են(ինչպես ներկայումս ականատես ենք լինում) հասարակության տարբեր հատվածներ և ոտնահարվելու է նրանց կրթության իրավունքը։

Հաջորդ խնդիրն է մարդու իրավունքների վերաբերյալ կրթության և իրազեկմանն ուղղված միջոցառումների զուգահեռ և պատշաճ կերպով իրականացման բացակայությունը և դրա առկայության անհրաժեշտությունը։

Ինչպես նաև կան լրջագույն խնդիրներ` վերաբերող բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին։

Այս բոլոր խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն և հետևողականության` համապատասխան օղակների կողմից։

 

Նարե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից