Դուք կարծում եք, որ դա Լարսը փակելու հիմնավո՞ր պատճառ է․ Գևորգ Պապոյան

Այլ երկրների հետ խոսակցություններ մշտապես եղել են և կլինեն: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին Լարսի փակման հետ կապված խոսակցություններին:

«Նիկոլ Փաշինյանի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր: Հանդիպումներ եղել են նաև գործարարների հետ: Եգիպտոսը մեկ օրինակ է, բայց մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք, եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունն ուժեղացնենք, որպես պետություն ուժեղ լինենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Լարսով անցնող հայ վարորդներին ասել են, թե՝ այլևս չեք կարող ապրանք արտահանել և պատասխանը գնացեք ձեր իշխանություններից ուզեք, Գևորգ Պապոյանն ասաց. «Ես պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել որպես նախարար: Չունեմ որևէ տեղեկություն, որն առնչություն ունի ձեր արտահայտած տեղեկատվության հետ»:

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե ռուսները, օրինակ, մեկ ամսով Լարսի ճանապարհը փակեն, կա՞ դրան այլընտրանք, Գևորգ Պապոյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, թե ինչու պետք է Լարսը փակվի: Ես որևէ պատճառ և տնտեսական, և քաղաքական, և աշխատանքային, չեմ տեսնում»:

Դիտարկմանը, որ պատճառ կարող է լինել այն, որ Հայաստանը ռուս սահմանապահներին ուզում է հանել «Զվարթնոց» օդանավակայանից, նախարարն արձագանքեց. «Դուք կարծում եք, որ դա հիմնավո՞ր պատճառ է»: