Թուրքական նավթային տերմինալը հրաժարվել է Ռուսաստանից բեռներ ընդունել

Միջերկրական ծովում գտնվող Թուրքիայի միջին չափի նավթային տերմինալներից մեկը՝ Դորտիոլ տերմինալը, անցյալ տարի ռեկորդային ներմուծումից հետո այլևս չի ընդունի ռուսական նավթի բեռները։ Reuters-ի փոխանցմամբ, այդ  որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից ուժեղացված պատժամիջոցների ճնշումներով։

Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում գտնվող Global Terminal Services (GTS) տերմինալային օպերատորը հայտնել է, թե տեղեկացրել է հաճախորդներին, որ չի ընդունի որևէ ռուսական արտադրանք կամ բեռ:

«GTS-ը որոշել է դադարեցնել բոլոր հնարավոր կապերը ռուսական նավթի հետ և, համապատասխանաբար, 2024 թվականի փետրվարի վերջին տեղեկացրեց հաճախորդներին, որ նույնիսկ եթե այն չխախտի օրենքները, կանոնակարգերը կամ պատժամիջոցները, որպես գործող պատժամիջոցների կանոններին հավելյալ միջոց, նա չի ընդունի ռուսական ծագման ապրանքներ կամ ռուսական նավահանգիստներից առաքվող բեռներ»,-գործակալությանը հայտնել են ընկերությունից:

Նրա խոսքով, բոլոր նախկին գործողությունները լիովին համահունչ են եղել գործող պատժամիջոցներին, ներառյալ ռուսական նավթի G7-ի գնի առաստաղը: