ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, դա նույնպես գաղտնիք է պարունակում․ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Հայաստանի սահմաններին օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Անդրադառնալով Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական դիրքերի առկայությանը, Ասրյանը նշեց․ «Շփման գիծն իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և հակառակորդի, և մեր կողմից դիրքեր են տեղադրված, և եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա երևի այդքան էլ մեր կողմից կան, քանակը չբացազատեմ: Հայաստանի զինված ուժերը զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրված խնդիրները»:

Հարցին, թե Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանցիները հետ չեն շպրտվում, նույն իրավիճակը Գեղարքունիքում և Ջերմուկում է, նա պատասխանց. «Այդ հարցը, որ դուք ներկայացնում եք, այստեղ դրա պատասխանը հնչեցնելու իրավունք չունեմ, դա իր մեջ պարունակում է գաղտնիություն։ Հարցադրումը, եթե կատարեք մամուլի քարտուղարի միջոցով, կպատասխանեմ»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ՌԴ-ից զենքի մատակարարման շուրջ խոսակցություններին՝ ի՞նչ խնդիրներ կան, և արդյոք ճի՞շտ է, որ պատերազմից հետո Ռուսաստանը զենքի մատակարարման իր պարտավորությունները չի կատարում, նա ասաց. «Այս հարցը պարունակում է գաղտնիություն։ Հարցը կտաք մամուլի քարտուղարի միջոցով, ես կպատասխանեմ:

Ես որպես զինվորական մարդ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ես իրավունք չունեմ այս միջավայրում ձեր հարցին պատասխանելու»։

Էդվարդ Ասրյանն անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչի կարող է հանգեցնել և անվտանգային միջավայրը որքանով է կապված ՀԱՊԿ-ի հետ՝ արձագանքեց. «Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը նույնպես գաղտնիք է պարունակում»։ Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ կառուցվածքներ կան մեր բանակում, Ասրյանն արձագանքեց. «Համատեղ կառուցվածքներ կան թղթի վրա»: