Քննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան

Խորհրդանշական է, որ Հունաստանի պաշտպանության նախարարի այս այցը հաջորդում է նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հունաստանի Հանրապետություն ընդգրկուն օրակարգով այցին: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, Երևանում Հունաստանի ազգային ՊՆ նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս ամենը վկայում է, որ մեր երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության, փոխադարձ օգնության, պատրաստակամության, արժեքների և ընդհանուր մոտեցումների վրա:

Այս հարաբերություններում իր ուրույն տեղն ունի պաշտպանության ոլորտի համագործակցությունը: Այն իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում և իրականացվում են Հայաստանի անկախացումից հետո 2 երկրների միջև ձևավորված պաշտպանության ոլորտում համագործակցության հենց սկզբից: Իսկ մնացածը պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված նոր ոլորտներ են:

Ավանդական ոլորտներից են ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խորհրդակցությունները և այլն»:

Պապիկյանը հավելեց, որ Դենդիասին ներկայացրել է պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, և կարևորել բարեկամ Հունաստանի փորձագիտական ու գործնական աջակցության կարիքն այս հարցում. «Քիչ առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարևորել ենք 2023-ի դեկտեմբերին իմ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը:

Քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Այս համատեքստում արժե նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում:

Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին:

Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- ասել է Պապիկյանը: