Ռուս սահմանապահներն ամեն ինչ արեցին, որ մեր սահմանները շատ ավելի խոցելի լինեն․ ԱԺ նախագահ

«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ քննարկումներին չեմ մասնակցել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այնտեղից դուրս գան։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանը կպաշտպանի իր երկրի սահմանները։

«Ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն, դուք վստա՞հ եք: Մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, ամեն ինչ արեցին, որ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան Ղարաբաղ՝ ի՞նչ արեցին. հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, դա՞ էր պաշտպանել: Մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,-ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ գուցե պետք է ռուսական ռազմակայանը հանե՞լ Հայաստանից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Շատ եք գնում առաջ, շատ եք շտապում: Կքննարկենք, կհասկանանք: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնել»:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է»։