ՊԵԿ-ը որոշել է «խոպանչիներին» չհարկել. նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ

«Երեկվանից e-draft համակարգում տեղադրված է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է, որ եթե օտարերկրյա պետությունում հարկի գումարը պահվել է հարկ վճարողից, ապա Հայաստանում տարբերության մասով հարկային պարտավորություն չի առաջանալու»,- այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մենք հաշվի ենք առել մեր քաղաքացիների դիտարկումները և նախատեսել ենք դա: Այն ծանուցումները, որ հարկ վճարողները ստացել էին այն մասին, որ իրենցից հարկի գումար է պահվել ասենք, ՌԴ-ում և տարբերությունը ենթակա է վճարման Հայաստանում, այդ մասով փոփոխություն ենք անում:

Բայց ամենևին ընդունելի չեն բոլոր այն դիտարկումները, որ որևէ մեկը կարող է ասել՝ ինչո՞ւ ես պետք է հարկ վճարեմ: Մենք հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, ստանում ենք սոցիալական ապահովվածություն»,-ասաց նա: