Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրել է ԵՄ-ին և Ֆրանսիային՝ իրավիճակը «սրելու» և «հրահրելու» մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է ԵՄ-ին և Ֆրանսիային մասնավորապես «սրացման» և «հրահրման» մեջ։

«Սահմանին ԵՄ առաքելության գործողությունները, արևմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման՝ առանց այնտեղ որևէ լարվածության առկայության, այս ամենը հանգեցրել է այն բանին, որ հարցը մշտապես եղել է օրակարգում, և այն ներկայացրել են որպես լարվածություն»,- ասել է Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է APA-ն։

«Դրա օրինակն է Ադրբեջանի սահմանի խախտումը այդ առաքելության վերահսկման գոտուց, իսկ հետո դիպուկահարի կրակոցով մեր զինծառայողի վիրավորվելը առանց որևէ պատճառի», -ասել է Բայրամովը՝ ԵՄ-ի վրա բարդելով ադրբեջանական ագրեսիայի մեղքը։ Եվ ոչ միայն։

Նա առանձին ուշադրություն է հատկացրել Ֆրանսիային։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի ակտիվացումը նախաձեռնվող դրական քայլերի ժամանակ ծառայում է հարցի սրացմանը։ «Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո հիշատակվեց և համաձայնեցվեց խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը։ Բայց դրանից անմիջապես հետո հաջորդեցին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հետո Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, և նրա սադրիչ հայտարարությունները դրա օրինակն են»,- ասել է նա։