Ես վստահ եմ, որ գործողություններ կլինեն․ Մհեր Գրիգորյանը՝ ադրբեջանցի մարդասպանի հանդեպ ՌԴ-ի դրսևորած «հումանիզմի» մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցու հանդեպ Ռուսաստանի դրսևորած «հումանիզմին», ինչի շնորհիվ Հադրութում հայ ծերունուն գլխատած հանցագործն արդեն Բաքվում է, ասաց․ «Ես վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետեւ այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաեւ կոլեգիալ քննարկում պետք է լինի»։ Հարցին, թե կլինի՞ բողոքի նոտա Ռուսաստանի հանդեպ, նա նշեց. «Եկեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:

Հիշեցնենք, որ Զեյնալին ձերբակալվել էր փետրվարի 20-ի երեկոյան օդանավակայանում՝ Մոսկվա-Բաքու չվերթից առաջ։ Նա հայտնել էր, որ ձերբակալությունը կատարվել է հայկական կողմի պահանջի հիման վրա։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարեց, որ հարցը «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հսկողության տակ է»։

Նրա փաստաբան Ալեքփեր Գարաևը նշել է, որ Հայաստանը լուրջ մեղադրանքներով հետախուզում էր հայտարարել Քամիլ Զեյնալիի նկատմամբ, սակայն ռուսական պետությունը «հումանիզմ» է դրսևորել։

«Ադրբեջանական պետության օգնության և համառության շնորհիվ Քամիլ Զեյնալին ազատության մեջ է և այսօր կվերադառնա Ադրբեջան»,- ասել էր Ալեքփեր Գարաևը։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «սպանություն» հոդվածի հատկանիշներով: Հաղորդվում է, որ ֆիթնես մարզիչը կասկածվում է 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց Լեռնային Ղարաբաղի տարեց բնակչին գլխատելու մեջ։