Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել. Նարեկ Մկրտչյանը՝ Նյու Դելիում միջազգային համաժողովին

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Դելիում մասնակցում է «Ռաիսինա երկխոսություն» (Raisina Dialogue) միջազգային համաժողովին, որին ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

Նախարարությունից հայտնում են, որ միջոցառումը մեկ հարկի տակ է միավորում գլոբալ և տարածաշրջանային պետական և ոչ պետական դերակատարներին՝ հնարավորություն տալով ծավալել բազմակողմանի երկխոսություն և համագործակցություն։

Համաժողովը մեկնարկել է «Հայ-հնդկական երկխոսություն» միջոցառմամբ, որի շրջանակում բացման ելույթով հանդես է եկել նաև նախարար Նարեկ Մկրտչյանը։  Ընդգծելով Հնդկաստանի հետ գործընկերային արդյունավետ հարաբերությունների կարևորությունը՝ նախարարը խոսել է երկու երկրների միջև գործընկերության խթանման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի մասին: Շեշտվել է, որ վերջին շրջանում Հնդկաստանի հետ հարաբերություններն ակտիվ զարգանում են,  ինչը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրի և տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի։ Երկու ժողովուրդների միջև հնուց ի վեր առկա փոխադարձ հարգանքը և փոխվստահությունը նպաստում են միջմարդկային փոխանակումների ինտենսիվացմանը տարբեր բնագավառներում»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացվող բարեփոխումներին և առկա խնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ  իր ղեկավարվող նախարարության կողմից անհրաժեշտ մոտեցումներ են մշակվում՝ ապահովելու ոլորտի համապատասխան կանոնակարգումը: Նախարարը նաև խոսել է նախարարության կողմից 2022 թվականին ստորագրված Skill India-ի հետ փոխըմբռնման հուշագրից, որը վերապատրաստման և հմտությունների զարգացման հնարավորություն է նախատեսում:

Նախարարն իր խոսքում կարևորել է նաև արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցության ներուժը և առաջարկել դիտարկել գլոբալ AI նորարարական հարթակի ստեղծման գաղափարը՝ լուծումների և հետազոտությունների փոխանակումը հեշտացնելու, միջազգային համագործակցության միջոցով սոցիալական օգուտները խթանելու նպատակով։ Ազգերի միջև խաղաղության, համագործակցության ու փոխադարձ հարգանքի դրսևորման կարևորության համատեքստում խոսվել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի մասին և նշվել, որ  անվտանգությունը, տնտեսական կայունությունը և երկրների զարգացումը պետք է դիտարկվեն որպես հավաքական գլոբալ պատասխանատվություն։

Համաժողովի ընթացքում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ, որոնց շրջանակում մասնակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։