Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը ձեռնտու է ՀՀ-ին․ թուրք լրագրող
Թուրքական «Yetkin Report» կայքի հիմնադիր, լրագրող-վերլուծաբան Մուրադ Յեթքինն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիա կատարած այցին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Լրագրողը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը լավ է օգտվում իր աշխարհագրական առավելություններից` հատկապես նավթից և Իրանի հետ հարևան լինելու հանգամանքից։
Անդրադառնալով Հայաստանին, Յեթքինը նշել է, որ թե՛ Ադրբեջանի, և թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը քաղաքական և տնտեսական առումով օգուտ կբերի Հայաստանին։
«Եթե Փաշինյանը և իր աջակիցները այս կամքը դրսևորեն և օգտագործեն առկա հնարավորությունները, ապա ակնկալվում է՝ Ադրբեջանի հետ մշտական կապի մեջ գտնվող Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը խաղաղության պայմանագրի ուղղությամբ»,-գրել է Յեթքինը։
Անդրադառնալով նաև գլոբալ հարցերի, լրագրողը նշել է․ «Մի կողմից՝ Ռուսաստանը, որը պատերազմ է մղում Ուկրաինայում, մյուս կողմից Արևմուտքը՝ ԱՄՆ-ն իր դիվանագիտական կշիռն է ուղղում հաջակցություն Իսրայելի, ու դա էլ հանգեցնում է նրան, որ Երևանը չգտնի այն աջակցությունը, որը ակնկալում էր Բաքվի դեմ»։