Արցախն ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ Բալայան

Արցախի, մեր պատմության էջը դեռ փակված չէ, ամեն սերունդ իր ներդրումը պետք է ունենա երկրի, պետականության պահպանման համար։ Ճիշտ է՝ այսօր հուսախաբված, կոտրված վիճակում ենք, բայց պետք է եղած հնարավորություններն օգտագործել և հզորացնել ՀՀ-ը։

Լրագրողներրի հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։

Նրա խոսքով՝ պետք է փորձել շարունակել իրենց հետագա պայքարը, որպեսզի նորից մեր պատմական հայրենիքի մի հատվածն ազատագրեն։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Արցախի հարցն ընդհանրապես կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։

«Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Կարևոր է նկատենք, որ մենք որևէ երկրի, ժողովուրդների տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, և այն որոշակի կարգավիճակ է ունեցել Խորհրդային Միության կազմում։ Ավելին ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ունեցել է նաև Սահմանադրություն»,- նշեց Բալայանը։

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը: