Հայաստանի պաշտոնյաները չեն էլ փորձում մեզ հետ որևէ շփում կամ առնչություն ունենալ. Մետաքսե Հակոբյան

36 տարի առաջ մենք մեր ճակատագիրը որոշող որոշում կայացրեցինք, մենք ի վերջո տվեցինք մեր ամենաթանկերին և 36 տարի շարունակ մեր քաջորդիները գիտակցաբար գնացին հանուն այդ որոշման: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մեր միասնականությունը, որ  ի ցուցադրություն աշխարհի եղավ, որևէ մեկը չկարողացավ կանգնեցնել: Հիմա մենք 36 տարի անց արձանագրում ենք, որ Արցախը հայաթափվել է: Մենք առավել քան կարիքն ունենք միասնական լինելու և մեր օրակարգում այլ խնդիր պետք է չունենանք: Ես տեսնում եմ, որ մեր հանրությունը պատրաստ է լինել միասնական, պատրաստ է պայքարել իր ինքնության, հայկականության, ուղղակի պետք է դա ճիշտ կազմակերպել և այդ միասնականությունն իր արդյունքը կտա»,- ասաց նա:

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ օրվա խորհրդի հետ կապված միջոցառումներ կլինեն, որը տեղի է ունենալու նաև Արցախի ներկայացուցչությունում. «Այստեղ են նաև Արցախի ԱԺ նախկին գումարումների պատգամավորներ, մարդիկ, որոնք ակունքներում են եղել 1988-ի փետրվարի 20-ի որոշման»:

Հարցին՝ ՀՀ իշխանություններից որևէ մեկին հրավիրե՞լ են, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ հրավեր եղել է, թե ոչ, բայց այս պայմաններում դա հնարավոր էլ չի, իրենք մեզ հետ ուղղակի շփում չունեն, չեն էլ փորձում որևէ առնչություն կամ շփում ունենալ, որ գային այսպիսի միջոցառմանը»:

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Այսօր լրանում է Արցախյան համազգային շարժման 36-ամյակը: