30 տարվա կայացած Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փորձում են փողոցային արդարադատությամբ ջլատել, որոշակի շահագրգիռ անձինք կան․ փաստաբան

30 տարվա կայացած  Հայկական կարմիր խաչի ընկերությունը փորձում են փողոցային արդարադատությամբ ջլատել և պարալիզացնել աշխատանքը։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայկական կարմիր խաչի ընկերության փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ, ըստ մամուլի հրապարակումների, Կարմիր խաչի շուրջ ստեղծված իրավիճակում որոշակի շահագրգիռ անձինք կան, շրջանառվող տեղեկություններով նրանցից մեկն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։

Այս տեղեկությունների վերաբերյալ Լևոն Բաղդասարյանն ասաց․

«Եթե տվյալ պաշտոնատար անձը չկա այդ թեմայում, կարող է հայտարարություն անել, բայց իրավական հարթությունում մեզ ոչ թե դա է հետաքրքրում, այլ, որ այս գործողություններն իրավաչափ չեն, արդյոք դրանով մենք պետական անվտանգության հետ կապված ռիսկ չենք տեսնում»։

Փաստաբանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ  նախկին գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի ընտրությունն իրավաչափ չի եղել։

«Փորձել են կատարել ոչ իրավաչափ համագումար։ Եթե նախագահությունը մերժում է արտահերթ համագումար հրավիրելու դիմումը, այն ենթակա է կատարման։ Եթե կողմը գտնում է, որ անօրինական է մերժումը, ապա նա պետք է բողոքարկի, վիճարկի։ Չեն բողոքարկել, սարքել են ոչ բողոքարկելի։ Թող Աննա Եղիազարյանը դիմի դատական պաշտպանության, եթե կարծում է, որ իր նկատմամբ անօրինական որոշում է կայացվել»,- ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին մամուլում լուր էր տարածվել, թե ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել էր կազմակերպության նախագահի պաշտոնում։

Հետո ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին, նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ու Եղիազարյանն ինքնագործունեությամբ է զբաղվում։