Կաթողիկոսը պատգամել է քահանա հայրերին հավուր պատշաճի արձագանքել ազգային կյանքում տեղ գտնող անցանկալի երևույթներին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր հանդիպել է հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ է փոխանցել վերապատրաստման դասընթացների ընթացքի վերաբերյալ։

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորել է վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին համախմբվելու Մայր Աթոռում, իրենց ուխտը վերանորոգելու, հոգևոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաև քննարկելու Եկեղեցու և հասարակության առջև ծառացած արդի մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղիները:

Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին ամենայն ջանք ի գործ դնել ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայելու համար։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը պատգամել է քահանա հայրերին հավուր պատշաճի արձագանքել ազգային կյանքում տեղ գտնող անցանկալի երևույթներին՝ նպաստելով առկա դժվարությունների հաղթահարմանը։

Անդրադառնալով սփյուռքի հայորդիների Հայրենիքին բերած աջակցությանը՝ Նորին Սրբությունն ի մասնավորի սփյուռքում ծառայող եկեղեցականներին հորդորել է իրենց համայնքների միջոցով տեղի իշխանությունների առջև բարձրաձայնել Հայաստանի և տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերները։

Հայոց Հովվապետը կարևոր է նկատեկ նաև հոգևորականների գործուն  մասնակցությունը հայորդիների կրթության և դաստիարակության գործում։