ԱԺ-ում հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի գլխավորած պատվիրակությունը: Ռուս գործընկերները մեր երկիր են այցելել լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում հանձնաժողովը բաց և կառուցողական երկխոսության պահանջված հարթակ է:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները, հայկական կողմին մտահոգող խնդիրները: Հակոբ Արշակյանը ռուս գործընկերներին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման, Բաքվի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքները, նշել, որ մինչ օրս լուծված չեն հումանիտար բազմաթիվ հարցեր: «Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացը և արձանագրել. «Չնայած մարտահրավերներին` Հայաստանը վճռական է և ունի ամուր քաղաքական կամք Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար: Դրա կարևոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության առաջադրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայաստանի դիրքորոշումը նույնն է. մենք պետք է խաղաղ հարաբերություններ հաստատենք՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ Յուրի Վորոբյովը փաստել է, որ Ռուսաստանը մշտապես փորձել է և կշարունակի աջակցել այս բարդ քաղաքական գործընթացի խաղաղ կարգավորմանը: