ՄԱԿ-ը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա

Քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները պետք է դադարեցվեն, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Բելգորոդի վրա։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք տեսել ենք ռուսական Բելգորոդ քաղաքի վրա հրթիռային հարձակումների մասին հաղորդումներ, մենք կրկնում ենք, որ հարձակումները խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով, անընդունելի են և պետք է դադարեցվեն»,-ասել է Դյուժարիկը ճեպազրույցում։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ փետրվարի 15-ին ժամը 12.30-ի սահմաններում ՀՕՊ-ը Բելգորոդի շրջանի տարածքի վրա ոչնչացրել է Ուկրաինայի կողմից արձակված 14 հրթիռ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, 18 մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Պլեխանով փողոցում գտնվող առևտրի կենտրոնը, որտեղ գտնվում են «Մագնիտ» մթերային խանութն ու դեղատունը, լրջորեն վնասվել է։