Էրմիտաժում բացվել է «Էրեբունու անկյուն»

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի «Ուրարտուի մշակույթի և արվեստի» ցուցասրահում բացվել է «Էրեբունու անկյուն», որտեղ  ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մի քանի ցուցանմուշներ։ Թանգարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ցուցահանդեսը կգործի մինչև 2025 թվականի փետրվարի 16-ը։

«Ցուցահանդեսը կազմակերպել է Պետական Էրմիտաժը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ և երկու թանգարանների համագործակցության պայմանագրով առաջին ցուցադրությունն է։ Այցելուները կտեսնեն Էրեբունի թանգարանի ներկայացուցչությունը և կծանոթանան նրա հավաքածուներից երեք ցուցանմուշներին։ Դրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում բազալտե բլոկը՝ Էրեբունի քաղաքի հիմնադրման մասին Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությամբ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Պետական Էրմիտաժի և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել 2023 թվականի մայիսին, որը ներառում է համատեղ հետազոտություններ և հրապարակումներ, փորձի փոխանակում և ցուցահանդեսներ։

Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի և արվեստի ցուցասրահում ներկայացված են Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ։ Սրահը նվիրված է 1939-1971-ին Կարմիր բլուրում պեղումները ղեկավարած հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց այդ պեղումների ընթացքում: