Անդրադարձ է կատարվել Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի պորտֆելին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ՄՖԿ պորտֆելին, առկա ծրագրերի իրականացման ընթացքին՝ երկուստեք արձանագրելով գրանցված առաջընթացը:

ՄՖԿ տարածաշրջանային տնօրենը ներկայացրել է Հայաստանի համար առաջիկա տարիների երկրի գործընկերության շրջանակը՝ շեշտադրելով, մասնավորապես, կանաչ շենքերի, վերականգնվող էներգետիկայի հնարավոր ուղղությունները:

Կարևորելով նշյալ ուղղությունները՝ կողմերը քննարկել են Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով հեռանկարային ոլորտներն ու հնարավոր ծրագրերը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության՝ բնակապահովման, զբաղվածության ապահովման, կրթության, ճանապարհաշինության ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: