Էստոնիայի վարչապետը մտադիր է շարունակել աշխատանքը խորհրդային հուշարձանների քանդման օրենքի շուրջ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը, որի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել, անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը խորհրդային հուշարձանների ապամոնտաժման մասին օրենքի վրա, որը 2023 թվականին արգելափակել էր հանրապետության նախագահ Ալար Կարիսը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Կայա Կալասի նկատմամբ հետախուզում է հայտարարվել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն առաջ մղելու պատճառով։

«Այդ օրենքն ընդունվել է Ռիյգիկոգուում (խմբ.՝ Էստոնիայի խորհրդարան), բայց հետ է ուղարկվել: Կոալիցիայում մենք համաձայնության ենք եկել, որ այն պետք է փոխել, և մենք պետք է շարունակենք աշխատանքը», – մեջբերել է Կալասի խոսքը ERR պետական ​​հեռուստառադիոընկերության լրատվական հարթակը:

2023 թվականի մարտին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հրաժարվել էր հավանություն տալ հանրապետության շինարարական օրենսգրքի փոփոխություններին, որոնք թույլ կտային քանդել խորհրդային ժամանակաշրջանի հուշարձանները՝ առաջարկվող դրույթների ձևակերպումների անբավարար հստակության պատճառով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և երկրի պետքարտուղար Տայմար Պետերկոպի, Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի, Լատվիայի արդարադատության, ֆինանսների և հողագործության նախարարների նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։