Աշոտ Հովհաննիսյանի կալանքը ապօրինի և խտրական է. փաստաբաններ

«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների փաստաբանները հայտարարություն են տարածել Աշոտ Հովհաննիսյանի կալանքի վերաբերյալ։

«Երեկ դատախազի որոշմամբ փոխվեց «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության գնումների մասնակցության գործով երկու մեղադրյալի խափանման միջոցը այն պատճառաբանությամբ, որ նվազել է մեղադրյալների կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հավանականությունը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը։

«Այս առարկայազուրկ գործի շրջանակներում, մեր առաջնահերթ խնդիրը հիմա Աշոտ Հովհաննիսյանի կալանքը փոխելն է։ Նորից պետք է ընդգծեմ, որ այս ենթադրյալ հանցանքի էությունը կայանում է նրանում, որ իբրև Էկոնոմիկայի նախարարությունում մի պաշտոնատար անձ չարաշահել է իր լիազորությունները, իսկ մեր վստահորդները դրդել և օժանդակել են այդ լիազորությունները չարաշահելուն։ Հիմա մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ, բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի։ Այսինքն՝ իրավապահ համակարգի գործելաոճը դառնում է և’ ապօրինի, և՛ խտրական», –  նշել է փաստաբան Գոռ Օհանյանը։

Փաստաբանները պատրաստակամություն են հայտնում առաջիկայում առավել հանգամանալից հանրությանը ներկայացնել գործի հանգամանքների էությունը և ապացուցել, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել։

«Ամեն մեծ ու փոքր թվի համադրություն չէ, որ հանցանքի մասին է վկայում։ Մենք անպայմանորեն կանդրադառնանք թե՛ գնումների կատարման չափորոշիչները որոշելու կարգին, թե՛ գնագոյացմանը, թե’ մրցույթի անցկացման կարգին, առաջացած հետևանքներին և կապացուցենք, որ այստեղ քրեորեն հետապնդելի արարք չկա։ Այս ամենը թեև բարդ կլինի մեկ պարզ նախադասությամբ ներկայացնելը, այդուհանդերձ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հանրության մոտ ոչ մի բաց հարց չմնա։ Մինչ այդ անհրաժեշտ է օր առաջ փոխել ապօրինի և խտրական իրադրության մեջ հայտնված վաստակաշատ և տարեց մարդու խափանման միջոցը», – նշել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։