Մոսկվան Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում, քանի որ շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի։
Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե սահմանային վերջին դեպքերը չե՞ն վտանգում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Նման միջադեպերն առնվազն չեն նպաստում այդ գործընթացի, բանակցային գործընթացի առաջմղմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման պահի մոտեցմանը։ Բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացն իր շարունակությունը կունենա»,-ասել է Պեսկովը։
Նա շեշտել է, որ երկու կողմերն էլ պետք է ամեն կերպ խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ։