Վարդենիսցիները դադարեցրին բողոքի ակցիան. նամակ են ուղարկելու ԱԺ

Վարդենիսի բողոքի ակցիայի կազմակերպիչները բացեցին քաղաք մտնող ճանապարհը։ Նրանք հայտնեցին, որ երեկոյան Վարդենիսում հավաքվելու են և նամակ են պատրաստելու և ԱԺ ուղարկելու համար։

Հիշեցնենք, որ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչներն այսօր՝ փետրվարի 12-ին երկու անգամ փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք բողոքում են Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ, ինպես նաև պահանջում էին հետ վերադարձնել նախկինում տեղափոխած զինկոմիսարիատը և դիահերձարանը։

Ակցիայի մասնակիցները հանդիպել էին Գեղարքունիքի մազպետ Կարեն Սարգսյանի հետ, որի պատասխանները գոհացուցիչ չեն եղել, այդ պատճառով էլ կրկին փակել էին ճանապարհը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակվելու են: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել էին, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։