Որտե՞ղ է հուղարկավորված Ռուբեն Տեր-Մինասյանը

– Բարև՜ Ձեզ։ 13874 համարի արկղը, որում հանգչում էր Ռուբեն Տեր-Մինասյանը, վարչական կարգով հանվել է,- սա առաջին պատասխանն էր, որ ես ստացա Փարիզի Պեր Լա Շեզ պանթեոնում՝ ականավոր հայ գործչի գերեզմանի մասին հարցուփորձ անելիս։

Պատասխանը մի տեսակ կցկտուր էր։ Թվում էր, թե գերեզմանատան բյուրոյի աշխատակցուհին չի ցանկանում հիասթափեցնել օտարականիս՝ կռահելով, որ Պեր Լա Շեզ այցը և տվյալ անձի գերեզմանի փնտրտուքը մի տեսակ ուխտագնացության նշանակություն ունեն ինձ համար։

Ի վերջո հասկանալով, որ պատասխանից բավարարված չեմ՝ ֆրանսուհի տիկինը պարզաբանեց ողջ թշվառ եղելությունը։ Պարզվում է՝ Ռուբեն Տեր-Մինասյանն ի սկզբանե ամփոփված է եղել աճյունասափորի մեջ։ Իսկ հետո ոչ մեկը չի հետաքրքրվել այդ աճյունասափորով, պատշաճ կարգով համապատասխան վարչական վճարումներ չի կատարել և, ըստ սահմանված կարգի, աճյունասափորը հանվել և ոչնչացվել է, իսկ այդ տեղում ուրիշին են թաղել։ Այդքան բան։

1918-1920 թթ․ Ռուբենի և Արամ Մանուկյանի գործուն ջանքերով Հայաստանի ներկա տարածքը ժողովրդագրական լուրջ բարվոքում է ապրել․ Թալինի լեռնային գյուղերը, Ջղնիի ձորը, Մասիսի շրջանն էապես մաքրագործվել են թյուրքական տարրից։ Չլինեին այդ երկու անդավաճան ընկերների վճռական գործողությունները, դժվար է ասել՝ էթնիկ առումով որոշակիորեն միատարր Սովետական Հայաստանի գոյությունը հետագայում հնարավոր կդառնար, թե ոչ։

Մի տեսակ աստվածային պատժի արդարություն կա ներկայումս մեզ հետ կատարվողի մեջ։ Այսօր թշնամական երկրի ղեկավարը ցանկանում է ժողովրդագրական զավթման ենթարկել Հայաստանը, իսկ Հայաստանում տակավին չկա էլիտա, որ դիմադարձի դրան, որովհետև ժամանակին բովանդակ հայության մեջ չգտնվեց մեկը, որ տիրություն աներ Հայաստանը մաքրագործողի վերջին կացարանին…

 

Քաղաքագետ Էլբակյան Էդգարի ֆեյսբուքյան էջից