Հայոց պատմություն-7 դասագրքում Սմբատ Հովհաննիսյանի թույլ տված ևս մեկ «շատ թեթև վրիպակ»

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը, որը հանգամանալի գրախոսական էր գրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի դեմ ու մատնանաշել այնտեղ տեղ գտած բազմաթիվ սխալներն ու վրիպակները, շարունակում է վրիպակներ ու աղավաղումներ գտնել։ Այս անգամ գիտնականը գրում է

«Հայոց պատմություն – 7 դասագրքում Սմբատ Հովհաննիսյանի թույլ տված ևս մեկ «շատ թեթև վրիպակ»։

Եվ այսպես. «Այդ ընթացքում սկսվեց Վանի թագավորության ընդարձակման շրջանը։ Այն արդեն պատրաստ էր վճռական ճակատամարտի մեջ մտնելու Ասորեստանի հետ՝ Արևելյան Ասիայում առաջնորդության, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան կողմով անցնող հիմնական առևտրային ուղիներում գերիշխանության համար» (էջ 39): «Տևական մի շրջան Վանի թագավորության գերիշխանությունն Արևելյան Ասիայում հակազդեցության չէր հանդիպում» (էջ 40): Երբ ԵՊՀ-ում հեղինակի հետ կայացած հանդիպման ժամանակ ես Ս. Հովհաննիսյանին հարցրի, թե ո՞րն է Արևելյան Ասիան, ի՞նչ երկրներ է ընդգրկում, նա ընդամենը պատասխանեց՝ «նոր տերմին» է, առանց մանրամասնելու, թե ո՞ր երկրներն է ընդգրկում այդ «նոր տերմինը»: Պ-ն Հովհաննիսյան, Արևելյան Ասիան այնքան էլ նոր տերմին չէ. ըստ Հայկական սովետական հանրագիտարանի՝ այն « …ընդգրկում է ԽՍՀՄ և ՉԺՀ արևելյան մասը, ԿԺԴՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան» (ՀՍՀ, հտ. 2, Ե., 1976, էջ 32): Այսպիսով, ըստ Ս. Հովհաննիսյանի, Վանի թագավորությունը տևական մի ժամանակաշրջան եղել է Արևելյան Ասիայում գերիշխող տերություն: Հավանաբար հենց այս ժամանակներից են Հին Չինաստանում թագավորներին «վան» անվանումը տվել»: