Հնարավորություն կա Սևանա լճում 3 մեխանիկական մաքրման կայանները դարձնել կենսաբանական կայաններ․ ԱԶԲ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է քննարկել ջրամբարաշինության և ոռոգման համակարգերի, դպրոցաշինության,

կոշտ կենցաղային թափոնների

կառավարման և Սևանա լճի ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:

Խոսելով ջրամբարաշինության ծրագրերի և հատկապես Կապսի ջրամաբարի ծրագրի մասին՝ Տերտերյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ և արդյունավետ համագործակցության հնարավորությունը ծրագրի մեջ ներգրավված միջազգային մյուս գործընկեր կառույցների հետ:

Զրուցակիցները կարևորել են նաև ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման անհրաժեշտությունը։

Դպրոցաշինության ծրագրերին անդրադարձ կատարելով՝ ԱԶԲ-ի ներկայացուցիչները խոսել են իրենց մոտեցումների, առաջիկա ծրագրերի, կարևորել կառուցվող դպրոցների ծախսարդյունավետ լինելը և կառուցումից հետո շինության հետագա պահմանման հարցերը:

Դպրոցաշինության մասով Տերտերյանը նշել է, որ գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է և առաջարկել է հետագա քննարկումններին ներգրավվել շահագրգիռ մյուս գերատեսչություններին նույնպես:

Սևանա լճի ջրի որակի բարելավման վերաբերյալ բանկի ներկայացուցիչները նշել են, որ առկա է հնարավորություն երեք մեխանիկական մաքրման կայանները դարձնել կենսաբանական մաքրման կայաններ: Նախարարի տեղակալը կարևորելով մաքրման կայանների առկայությունը՝ միաժանակ ընդգծել է այդ կայանների արդյունավետ, ճիշտ կառավարման և շահագործման անհրաժեշտությունը:

Խոսելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման մասին՝ Վաչե Տերտերյանը կարևորել է կառավարման արդյունավետ մոդելների ուսումնասիրության և հիմնավորման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: