Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։

Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տևած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո 2022 թվականին երկու երկրների ԱԳ նախարարները ազդարարեցին դիվանագիտական հարաբերությունների վերականգման մասին, որից հետո 2023 թվականին նշանակվեցին դեսպաններ երկու երկրներում։

«Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն և Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը, Հունգարիա պաշտոնական այց է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Եվ այս առումով նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը երկու երկրների հարաբերությունների համար կունենա իր կարևորագույն դերը և նշանակությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցով հունգարական կողմն ազդարարեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է ավելի սերտանան։ Ինչպես տեսանք՝ թե՛ Հունգարիայի նախագահի, թե՛ Հունգարիայի վարչապետի, և թե՛ Հունգարիայի ազգային ժողովի նախագահի մակարդակով ընդունեցին Հայաստանի Հանրապետության նախագահին»,- ասաց Սմբատյանը՝ հավելելով, որ հանդիպումները եղել են շատ բովանդակային, որոնց ընթացքում ստորագրվել է կրթական և մշակութային ոլորտին վերաբերվող երկու համաձայնագիր։

Այս առումով դեսպանը կարևորեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի միջև համաձայնագրի ստորագրումը։