Հայաստանից Ուկրաինան հերթական մարդասիրական օգնությունն է ստացել

Ուկրաինայի ազգային ռազմաբժշկական կենտրոնը փետրվարի 8-ին Ուկրաինայի հայերի միության կենտրոնակայանից հերթական մարդասիրական օգնությունն է ստացել, որը տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։

Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ, նվիրաբերվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։

Ինչպես հայտնում են դեսպանատնից՝ հումանիտար օգնության հանձնման արարողությանը ներկա էին նաև Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը, Ուկրաինայի հայերի միության աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը և Ուկրաինայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը։

«Նախորդ մարդասիրական օգնությունը Դնեպրոպետրովսկի շրջանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, իսկ հաջորդը կտրամադրվի Խարկովի հիվանդանոցներից մեկին»,-նշել են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։