ՀՀ-ում կալանքի իրավունքը վերածվել է տեռորի գործիքի․ Լիլիթ Գալստյան

«Ես շատ կուզենայի, որ մենք չունենայինք այն իրականությունը, որի դեպքում դատական համակարգը Հայաստանում ամենացածր վարկանիշն ունեցող ինստիտուտն է, որովհետև դրան վերաբերվում եմ ոչ միայն որպես առանձին համակարգի, այլ իշխանության կարևորագույն ճյուղերից մեկի»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ես այս խնդրին նայում եմ ոչ թե այսօրվա իշխանության դիրքերից, այլ Հայաստան պետության հեղինակության դիրքերից։ Ինչպե՞ս անել, որ բարձրացնենք հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ և փորձենք հերքել այն հաստատումը, որ դատական համակարգն այսօր վերածվել է տեռորի գործիքի՝ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների և ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ։ Մեր փողոցային պայքարի, միտինգների արդյունքում իմ տասնյակ գաղափարական ընկերները հայտնվեցին բանտերում ու կալանքի վայրերում՝ սոսկ իրենց գաղափարական համոզմունքների համար։ Ըստ էության՝ մենք ունենք մի իրականություն, երբ կալանքի իրավունքը վերածվել է Հայաստանում ֆետիշի ու տեռորի գործիքի», – նշեց պատգամավորը։

Անդրադառնալով միջազգային դատարաններում Հայաստանի դեմ ներկայացվող հայտերին՝ Գալստյանն ընդգծեց, որ հարկավոր է համապատասխան պատասխանատվության ինստիտուտ որդեգրել այն դատավորների նկատմամբ, որոնց սխալ վճիռները ճակատագրական են եղել թե՛ ՀՀ քաղաքացիների համար, թե՛ Հայաստանի հեղինակության։

Պատգամավորն ընդգծեց, որ չի ուզում, որ այս ելույթը հասցեագրվի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուներին կամ պիտակվի որպես վրեժխնդրության ակտ այն դատավորների կամ դատական համակարգի նկատմամբ, որը լծվել է իշխանության ծառայությանն ու վերածվել ահաբեկչության գործիքի։