Լատվիան վերականգնել է պարտադիր զինծառայությունը՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքի պատճառով

Լատվիայի իշխանությունները վերականգնել են պարտադիր ծառայությունը երկրի զինված ուժերում՝ ռուսական հարձակման սպառնալիքի պատճառով, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Կրիսյանիս Կարինսը։

«Մենք դա անում ենք մեր ակտիվ և պատրաստ զինվորական ռեզերվի չափը մեծացնելու համար», – ասել է Կարինսը The Telegraph-ին:

Նրա խոսքով՝ պաշտպանության ուժեղացումը պետք է ազդանշան ուղարկի Մոսկվային, որ Լատվիայի և նրա եվրոպացի դաշնակիցների բազաները պաշտպանված են։

Նպատակն է ունենալ մինչև 61.000 հոգանոց մարտունակ զինուժ՝ բաժանված գործող զորքերի և պահեստային ստորաբաժանումների:

«Մենք պետք է պատրաստության այնպիսի վիճակում լինենք, որ ռուս գեներալներն ու ռուսական քաղաքական ուժերը հստակ տեսնեն, որ Եվրոպա տեղաշարժվելն անհնար է»,- պարզաբանել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։

Լատվիայում զինվորական ծառայության համար պարտադիր զորակոչը վերացվել է 2007թ.: Այդ ժամանակից ի վեր երկիրն ունեցել է միայն պրոֆեսիոնալ բանակ։ Այժմ Լատվիայի 18-ից 27 տարեկան բոլոր արական սեռի քաղաքացիները, այդ թվում՝ արտերկրում բնակվողները, պետք է ծառայեն մեկ տարի։ Նրանք, ովքեր հրաժարվում են ծառայելուց, կարող են տուգանվել կամ բանտարկվել։