Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն․ Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար անհասկանալի և աբսուրդային է՝ իրեն և իր ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին մեղադրանք առաջադրելը։

«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու  ուղարկեցին դատարան», – ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լևոն Քոչարյանը հայտնեց, որ Սերգեյ Ասատուրովին նույն մեղադրանքն է առաջադրվել՝ իբրև ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով, հասկանալի չէ՝ ինչու։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս գործով, Քոչարյանն աբսուրդ է որակում:

«Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է»,- նշեց Լևոն Քոչարյանը։

Նա հայտնեց, որ հինգ ոստիկաններից երկուսը կեղծ ցուցմունք են տվել՝ նշելով, թե իբրև ինքը ծեծել է ոստիկաններին, մինչդեռ ֆիքսվել են իր մարմնական վնասվածքները, այդ դրվագով որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

«Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է»,- ասաց նա։

Քաղաքական առումով Քոչարյանը հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն, իսկ իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի: