Գուտերեշը Գազայում իրավիճակը քննող անկախ հանձնաժողով է նշանակել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անկախ հանձնաժողով է նշանակել՝ գնահատելու Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը, որը գլխավորելու է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ Այս մասին ասված է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը, խորհրդակցելով Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինիի հետ, նշանակել է անկախ վերանայման խումբ՝ գնահատելու, թե արդյո՞ք գործակալությունը անում է ամեն ինչ իր մանդատի շրջանակներում՝ չեզոքություն ապահովելու և լուրջ խախտումների մասին պնդումներին արձագանքելու համար», – ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ նշվում է նաև, որ Կոլոնան աշխատելու է սկանդինավյան երեք կազմակերպությունների հետ՝ շվեդական Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի, Նորվեգիայի Քրիստիան Միխելսենի գիտության և հոգևոր ազատության ինստիտուտի և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի հետ։

Խումբն իր աշխատանքը կսկսի փետրվարի 14-ին, իսկ մինչև մարտի վերջ նախատեսվում է միջանկյալ զեկույց պատրաստել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար։ Զեկույցի վերջնական տարբերակը, որը նախատեսվում է ավարտել ապրիլի վերջին, կհրապարակվի հանրության համար։ Նշվում է, որ խմբի աշխատանքը տեղի կունենա համաշխարհային կազմակերպության կողմից Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեության ներքին հետաքննությանը զուգահեռ։