Խնդրում եմ՝ այլևս այդ օրինակը չհիշացնել, թե չէ այնքան բան կհիշացնեմ 109, թե՞ 112 տարեկան ձեր կուսակցության մասին․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ասաց․ «Պարոն Մանուկյան, Դուք էլ ֆեյսբուքյան Ձեր գրառումներում հաճախ չէիք զլանում մարդկանց հասցեին սեռական բնույթի վիրավորանքներ գրել․ այնպես որ, ձեր զարմանքն ու վրդովմունքը, ըստ իս, տեղ չունի։ Հասկանալի պատճառներ կան, որ մարդիկ թիրախավորվում են նման դեպքերում»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ իր խոսքն այսպես սկսեց․«Պարոն Սիմոնյան, ոմանք թիրախավորում են «Ֆեյսբուքում», ոմանք՝ ուղիղ թքում երեսին․ այնպես որ…»։

Ալեն Սիմոնյանն էլ այդ դիտարկման առնչությամբ ասաց. «Ի տարբերություն ոմանց՝ ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել՝ վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար։ Կոչ եմ անում մնացած բոլոր այն մարդկանց, որ սխալ են գործում, չզլանալ և նույնպես ներողություն խնդրել։ Խնդրում եմ՝ այլևս այդ օրինակը չհիշացնել, որովհետև այնքան բան կհիշացնեմ 109, թե 112–ամյա պատմությամբ ձեր կուսակցության մասին, որ կարող է չհերիքի»։

Գեղամ Մանուկյանն էլ թե՝ «փոքր եք՝ ՀՅԴ-ին բան ասելու համար», ինչին Ալեն Սիմոնյանն ասաց. «Լավ է, որ կուսակցությունով եք թաքնվում։ Իսկ փոքր եմ, թե փոքր չեմ, ժողովուրդն է որոշում՝ ով է այստեղ փոքր, ով է մեծ»։