Այսօր ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու որոշման վերաբերյալ հանրային քննարկումը

«Սիրելի բարեկամներ, այսօր իրավական ակտերի միասնական հարթակում ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու որոշման վերաբերյալ հանրային քննարկումը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նշելով․«Անցած երկու շաբաթների ընթացքում մեր հասարակությունը միարժեք գնահատական է տվել այս հակազգային և վնասակար նախագծին՝ 8000-ից ավել քաղաքացիներ արդեն դեմ են քվեարկել հարթակում, նրանցից մոտ 500-ը հանգամանալից գրավոր մեկնաբանություններ է թողել քվեարկության տակ, առանց բացառության դեմ, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը միարժեք և հիմնավոր դեմ է արտահայտվել նախագծին:

Չնայած այս ամենին, նախագծի հեղինակները փորձում են ֆեյքային քվեարկությամբ տպավորություն ստեղծել, թե նախագիծը հանրային աջակցություն ունի, հասել է նույնիսկ նրան, որ թշնամական պետությունից օգտատերեր են մասնակցում քվեարկությանը: Սա, իհարկե, գործող վարչախմբի տիպիկ գործելաոճն է, որը կտրվելով իրեն ընտրած քաղաքացիներից, փորձում է տարբեր ֆեյքային միջոցներով և ադմինիստրատիվ լծակներով հանրային աջակցության տպավորություն ստեղծել և առաջ մղել իր արդեն անթաքույց դարձած հակազգային օրակարգը:

Եթե դուք այս ընթացքում դեռ չեք հասցրել մասնակցել այս քվեարկությանը, հիշեք, որ ձեր մեկ ձայնից շատ բան է կախված՝ մենք ենք մեր երկրի տերը ու չպետք է թույլ տանք ֆեյքերին այն մեզանից խլել: Մի ափսոսացեք ձեր ժամանակը, մտեք այս հղումով և քվեարկեք, տե՛ր կանգնեք մեր երկրին և պատմությանը»: