Երևանում նախատեսվող համայնքային ոստիկանությունը նոր լիազորություններ կունենա

Երևանի համայնքային ոստիկանության ստեղծման վերաբերյալ նախագծով առաջարկվում է այդ ծառայության համար սահմանել մի շարք նոր լիազորություններ, որոնց իրականացման արդյունքում համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կիրականացվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։

«Մասնավորապես՝ մեր կողմից առաջարկվում է ներդնել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման և հետևանքների վերացմանն ուղղված մեխանիզմներ, տնտեսվարողների որոշակի գործունեության դադարեցման հնարավորություններ և մի շարք այլ կարգավորումներ»,-մանրամասնել է Մարգարյանը՝ հավաստիացնելով, որ նախագիծը հնարավորին սեղմ ժամկետում կդրվի շրջանառության մեջ, որի ընդունման արդյունքում նշված բնագավառն էապես կբարելավվի։