Պարսից ծոցում գտնվող 3 կղզին Իրանի անբաժանելի մասն են. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պարսից ծոցում գտնվող երեք կղզիներն անվանել է երկրի տարածքի անբաժանելի մաս, գրում է ԻՌՆԱ-ն:

Ռաիսին այս մասին հայտարարել է Հորմոզգան նահանգ կատարած այցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ վերջնական և պատմական փաստաթղթերը միշտ հաստատել են Իրանի ինքնիշխանությունը Աբու Մուսա, ինչպես նաև Մեծ և Փոքր Թոնբ կղզիների նկատմամբ:

Խոսելով տարածաշրջանում Իրանի կառուցողական դերի մասին՝ Ռաիսին ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում միշտ եղել է կայուն անվտանգության ապահովումը։
Շնորհակալություն հայտնելով Իրանի անվտանգության ուժերին՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ստեղծելու համար՝ նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը Պարսից ծոցում և Օմանի ծովում ապահովում է անվտանգությունը, մինչդեռ օտարների ներկայությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։

Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոնբ կղզիների շուրջ Իրանի և ԱՄԷ-ի միջև վեճը ծագել է դեռ 1970-ականներից։ Թեհրանը պնդում է, որ սրանք իր տարածքի անքակտելի մասն են։ Խնդրի սրությունը պայմանավորված է Աբու Մուսա կղզում նավթի որոշակի պաշարների առկայությամբ։