ՀՀ ԱԳՆ-ը մեկնաբանել է Սերբիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունը

Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը։

Նշենք, որ վերջին շրջանում այս երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել: Իլհամ Ալիևի` Սերբիա կատարած այցից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Բելգրադը Ադրբեջանին է վաճառել 48 Nora-B52 ինքնագնաց կայանք՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:

Sputnik Արմենիան ՀՀ ԱԳՆ-ին հարցրել էր, թե արդյոք ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են սերբ գործընկերների հետ՝ հաշվի առնելով Սերբիայի հետ նախկինում ունեցած բարիդրացիական հարաբերությունները։

«Սերբիայի հետ առկա է մշտական ակտիվ փոխգործակցություն։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայ-սերբական օրակարգի բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության»,- պատասխանել են գերատեսչությունից։

Հավելենք, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի և Սերբիայի ՊՆ-ները 2024թ.-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։