«Պոռնոդերասան» ասելու համար Նաիրի Հոխիկյանին դատի տված Ալեն Սիմոնյանը պարտվել է․ լրագրողը մանրամասնում է

Հունվարի 29-ին դատարանը վճիռ կայացրեց՝ բավարարել փաստաբան Լուսինե Վիրաբյանի միջնորդությունը և մերժել Ալեն Սիմոնյանի հայցը ընդդեմ Նաիրի Հոխիկյանի։

Լրագրող Նաիրի Հոխիկյանը մանրամասնում է.

«Այս խնդրի նախապատմությունը գալիս է նրանից, որ 2023թ․ սեպտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել էր դատարան՝ ինձ մեղադրելով վիրավորանքի համար։

2023-ի հունիսին մի հարցազրույցում ես Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս նրան անվանել եմ «պոռնոդերասան»՝ հաշվի առնելով նախկինում նրա խաղացած դերերը սերիալներում և նրա մասնակցությամբ բաց տեսարանները։

Գուցե նրա խաղացած դերերը իրականում «պոռնոդերասանի» չափանիշներին չեն համապատասխանում, այլ, ասենք, «էրոտիկ դերասանի», բայց ինչևէ։ Ալեն Սիմոնյանը վիրավորվել է։
Իմ շահերի պաշտպան, հեղինակավոր փաստաբան Լուսինե Վիրաբյանի ներկայացրած արձագանքում այնպիսի հիմնավոր ապացույցներ են դրված, որ դատավորն ընդամենը հենվել է օրենքի վրա և այդկերպ բավարարել մեր միջնորդությունը՝ մերժելով Ալեն Սիմոնյանի հայցը։
Ես հասկանում եմ, որ դատավորը մեծ ռիսկի է գնացել՝ անտեսելով ՔՊ-ի կառկառուն դեմքերից մեկի ու ԱԺ նախագահի գործոնը։ Կարող եմ շնորհակալություն հայտնել դատավորի այդպիսի համարձակության համար, բայց նաև փաստ է, որ Լուսինե Վիրաբյանի բերած փաստարկները այլ տեղ չեն թողնում, քան օրենքի շրջանակում մերժել Ալենի հայցը և բավարարել Նաիրի Հոխիկյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանի միջնորդությունը։

Հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի բռնապետական ավազակախումբը կփորձի իր այս ձախողումը անվանել ժողովրդավարություն և դատարանների անկախություն, բայց սա այդ դեպքը չէ։ Եթե ներկա լինեիք դատական երկու նիստերին, կտեսնեիք, թե ինչպիսի վարք է ցուցաբերում Ալեն Սիմոյանի պաշտպանական կողմը։

Սա այն դեպքն է, որ նույնիսկ քայքայված ու իշխանության կողմից ոտնահարված արդարադատությունը չի կարող կատարել իշխանության պատվերը, որովհետև մեր ուժերն ավելին էին։
Հաղթանակները լինում են փոքրից մինչև շատ մեծ։ Հերթով»։

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ  հայցվորը դատարանից խնդրել էր Նարիր  Հոխիկյանին պարտավորեցնել Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձև․ տեղադրել հայտարարություն «Հայելի էյ եմ» լրատվական կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես Նաիրի Հոխիկյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից» իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «01․06․2023 թվականին www.hayeli.am (հայերեն՝ հայելի էյ եմ) լրատվական կայքում տեղադրված՝ «Արցախի ճակատագրի վերջնաժամկետը․ Նաիրի Հոխիկյան» վերնագրով հարցազրույցի ժամանակ կատարել եմ հայտարարություն պարոն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Ալեն Սիմոնյանից»։

Ալեն Սիմոնյանը պահանջել է Նաիրի  Հոխիկյանից հօգուտ իրեն  բռնագանձել 1․000․000 ՀՀ դրամ՝ որպես հարցազրույցի մեջ պարունակող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև  բռնագանձել ընդհանուր 530 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում․ որից 480 000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը խաղացել է «Փախուստ» սերիալում, նկարահանվելով բաց տեսարաններում։