ԱԳՆ-ը, տարածաշրջանային լարված իրավիճակով պայմանավորված, նախատեսում է կրկնապատկել պարգևավճարները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է պարգևատրումների բյուջեն ավելացնել 230 միլիոն դրամով։ Այս մասին հարցը ներառված է կառավարության փետրվարի 1-ի նիստի օրակարգում չզեկուցվողների մեջ։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, թե ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունների և միտումների պայմաններում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը կենսական դերակատարում ունի ՀՀ անվտանգության ապահովման համատեքստում: ՀՀ շուրջ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և սովորականից անհամեմատ ավելի եռանդուն ջանքեր գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում:

«ԱԳՆ-ի կողմից կատարվող աշխատանքի ծավալները, բովանդակությունը և պատասխանատվությունը ոչ միայն արտացոլված չեն ներկայումս սահմանված վարձատրության չափերում, այլև առկա է շեշտակի (անգամների) տարբերություն ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՀՀ անվտանգային հարցերում պատասխանատվություն ունեցող կառույցների աշխատակիցների աշխատավարձերի միջև: Ավելին` աշխատանքի ծավալների և պատասխանատվության էական աճին զուգահեռ ցածր վարձատրությամբ պայմանավորված՝ դիվանագետի աշխատանքն աստիճանաբար կորցնում է գրավչությունը, ինչը հանգեցնում է մարդկային ռեսուրսների արտահոսքին և նոր ռեսուրսների ներգրավման բարդությանը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է վերը նշված անհամաչափությունները մեղմելու, աշխատանքի գրավչությունը մեծացնելու և վարձատրության չափը լավարկելու անհրաժեշտությամբ»,-նշված է որոշման մեջ։

Նշվում է, թե նախագծի ընդունման արդյունքում  ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրային ցուցանիշներում փոփոխություններ չեն առաջանալու: